Այսօր գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` Գ․ Ստեփանյանը և հարևանները, երբ նկատել են վառվող ավտոմեքենան, որի կրակը տեսանելի է եղել մոտ 300 մետր հեռավորությունից ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն մինչ կբարեհաճեին հրշեջ փրկարարները, Գ․ Ստեփանյանն ու հարևաններն են տեղի ուժերով նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ հրշեջ փրկարարական ջոկատը, ըստ հարևանների ժամանել է ուշացումով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում են․ «Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգը իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը ու հենց իրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրի չվերածվեց, բայց դե մի քանի 100 մետր էն կողմ հրշեջ փրկարարական ջոկատ կա, թե խի ուշ եկան, երևի իրենց է հայտնի։ Էնպես չի, որ պիկ ժամ է եղել, կսկսեն արդարանալ, թե խցանում էր»:
Կայքը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։