Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը վաճառքի ենթակա չէ։
«Ինչպես գիտեք անշարժ գույքի ոլորտում, կան որոշ վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում», - ասել է Քարնին, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Թրամփի բազմիցս արված հայտարարությունները, որ նա ցանկանում է Կանադան միացնել ԱՄՆ-ին։
Ամերիկայի նախագահն իր հերթին նշել է, որ ներկայումս չի պատրաստվում քննարկել այս հարցը վարչապետի հետ, սակայն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը «շատ առավելություններ կտա»։ Այնուհետև Թրամփը հավելել է. «Երբեք մի՛ ասա երբեք»։
Միացյալ Նահանգների առաջնորդը բազմիցս արտահայտել է այն կարծիքը, որ շատ կանադացիներ կողմ են, որ իրենց երկիրը դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։