Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի կենսագրական եւ մասնագիտական տվյալներն ու հմտությունները, փորձառությունը ներկայացրել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Վիգեն Քոչարյանը, որից հետո թեկնածուները մանրամասնել են դատական իշխանության ոլորտի խնդիրների լուծման իրենց տեսլականը:
Անահիտ Թումանյանի համոզմամբ Վճռաբեկ դատարանը` որպես դատական համակարգի բարձրագույն օղակ, բավականին անելիք ունի իրականացվող դատական քաղաքականությանն ուղղություն տալու, այն դատավարական իրավունքի արդի զարգացումներին համահունչ դարձնելու առումով: Թեկնածուի խոսքով Վճռաբեկ դատարանը պետք է ոչ միայն նախադեպեր ձեւավորի, այլ բացառի հակասական նախադեպերի գոյությունը եւ հետեւողական լինի ստորադաս դատարանների կողմից այդ նախադեպերի ճիշտ ու միատեսակ կիրառման հարցում, որը, ըստ նրա, հնարավոր է վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելու ընթացակարգի հստակեցմամբ: Նա անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածության խնդրին:
Գայանե Մազմանյանը վստահեցրել է, որ պատրաստ է ներդրում ունենալ քաղաքացիական գործերով օրենքների միատեսակ կիրառության ապահովման հարցում: Նա կարեւորել է կնոջ դերն արդարադատության համակարգում, նշել, որ այժմ պալատում աշխատում են միայն տղամարդիկ, եւ կին թեկնածուի ընտրությունը կբխի արդարադատության շահերից:
Սերգեյ Մեղրյանի համոզմամբ պետք է վերանայել դատական իշխանության կառավարման մարմինների համակարգը՝ ներդնելով նրանց հաշվետվողականությունն ու գործունեության թափանցիկությունն ապահովող գործիքակազմ եւ բացառելով լիազորությունների կենտրոնացումը մեկ մարմնում: Նա հավելել է, որ քննարկման առարկա պետք է դառնան դատական իշխանության կազմակերպման եւ դատավարական հարցերի վերաբերյալ դատական իշխանությանն օրենսդրական նախաձեռնության իրավունք վերապահելու, միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների շարունակական վերապատրաստման մեխանիզմներ ներդնելու, իրավագիտության ոլորտում առկա գիտական եւ փորձագիտական ներուժն ըստ անհրաժեշտության Վճռաբեկ դատարանում օգտագործելու հնարավորություն տվող կառուցակարգեր ներդնելու հարցերը: Նա վստահեցրել է, որ փորձն ու գիտելիքները ներդնելու է համակարգի կատարելագործմանը: