Սիքստինյան կապելլայում երկրորդ անգամ սև ծուխ է դուրս եկել․ կոնկլավի երկրորդ քվեարկությունը ևս արդյունք չի տվել։
Հինգշաբթի օրը՝ մայիսի 8-ի առավոտյան, Վատիկանի Սիքստինյան կապելլայում սկսվել էր կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի ընտրության Կոնկլավի քվեարկության երկրորդ օրը։
Կաթոլիկների հոգեւոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո աշխարհը հետևում է, թե ով է դառնալու 1,4 միլիարդ հետևորդ ունեցող Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդը։ 267-րդ Պապին որոշող կոնկլավում ձայնի իրավունք ունեն 80 տարեկանից ցածր 133 կարդինալներ։
Հինգշաբթի օրը կարդինալները կքվեարկեն չորս անգամ՝ երկու անգամ առավոտյան և երկու անգամ ցերեկը, մինչև Հռոմի պապ ընտրվի։ Մատուռի վերևում գտնվող ծխնելույզից սպիտակ ծխի հայտնվելը կնշանակի, որ նոր Պապ է ընտրվել։ Եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սեւ ծուխ բարձրանա, կնշանակի, որ պոնտիֆիկոսի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ։