Ի՞նչն է արգելված, Հայաստանում արգելված է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տա՞լ, այնքան կտամ Չաուշեսկուի անունը, որ կհոգնեն, Բաղրամյան պողոտայո՞ւմ է արգելված Չաուշեսկուի անունը տալը ու ներկայացում բեմադրելը, սա ընդամենը մի ընտանիքի քմահաճույք է։
Այս մասին դատարանի բակում «Չաուշեսկուի գործ»-ով վերջին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց հանրային գործիչ Նարեկ Մալյանը․
Մալյանը նշեց, որ չի փոշմանել, որ բեմադրել է «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսը, շեշտեց նաև, որ այն դուր է եկել հանդիսատեսին․ «Պերֆորմանսը շատ փայլուն է անցել, ես արել եմ այն, ինչ հարմար եմ գտել ու շարունակելու եմ անել։ Եթե Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գալիս, թող հարմարվի կամ գնա երկրից։ Ինչ ուզեմ և որտեղ ուզեմ կբեմադրեմ և թող ականջներին օղ անեն։ Եթե ազատության մեջ մնացի անպայման բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը, երևի այս անգամ Հրապարակում»,- ասաց Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով։ Գործի դատաքննությունն ավարտվել է, վճիռը կհրապարակվի հունիսի 30-ին։