Բանանի արկղերով Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի թեմայի շրջանակներում ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանից Hayastan.news-ը նախ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Պետեկամուտների կոմիտեի, այդ թվում՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքը, և ի՞նչ կասի բանանի հետ Հայաստան մտած կոկաինի մասին, արդյոք ՊԵԿ-ի թերացո՞ւմն է եղել, որ մաքսանենգ ապրանք է մտել Հայաստան։
«Ես ՊԵԿ-ի աշխատանքին ուշի ուշով հետևում եմ, ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում եմ ավելի քան բավարար, նորմալ, համակարգը կայացած համակարգ է, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում, և այդ պրոֆեսիոնալներն իրենց անելիքները գիտեն։ Ռուստամ Բադասյանի գործունեությունն էլ եմ գնահատում բավարար, նորմալ։ Իրականում, առանց որևէ հետին մտքի եմ ասում, եթե պետական մարմինները վերցնենք, թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո էլի Պետական եկամուտների կոմիտեն է, որ իր անելիքները գիտի և իր առաջև դրված խնդիրները կատարում է»,-ասաց Դավիթ Անանյանը։
Ինչ վերաբերում է մաքսային հսկողության պատշաճ կատարմանը, ՊԵԿ նախկին նախագահն այս մասով նկատեց․ «Թե մաքսային հսկողության հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում ինչպիսի թերացումներ կան, այո, կան այդ թերացումները։ Բայց չեմ ցանկանա դրանց գնահատականներ տալ, որովհետև կոնկրետ մաքսանենգության դեմ պայքարի հետ կապված՝ կարծում եմ, որ ՊԵԿ-ը ձախողել է իր օրակարգը։ Երևի թե միակ ոլորտն է, որ ՊԵԿ-ը ձախողել»։
Հարցին՝ կոկաինի դեպքը նո՞ւյնպես կարելի է այդ շրջանակում դիտարկել, Անանյանն ասաց․ «Կոկաինի դեպքը․․․ Գիտե՞ք, այնքան բաներ են բացահայտվել մեր ժամանակ, մենք ընդհնարապես հանրությնաը ներկայացնելու առումով ընտրում էինք, թե որը ավելի մեծ հանրային հնչեղություն կարող է ունենալ, և դա էինք հրապարակում։ Իսկ այս կոկաինի դեպքը ավելի շատ հանրության ուշադրությունը շեղելու նպատակ ուներ։ Չափի առումով, այո, մեծ էր, բայց որ ասենք՝ էդպես խորը բան չէր։ Դուք տեսեք, թե պրոպագանդայի առումով ժամանակ առ ժամանակ ինչպիսի կեղծ հնչեղություն ուենցող լուրեր են տարածվում հանրության մեջ, որպեսզի հանրությունը զբաղված լինի ու լուրջ բաների մասին չմտածի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ