Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, ևս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երևանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից:
Լրացվեց և այդ բացը: Նախաքննությունը շարունակվում է: