Արցախի կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի լուսավոր տոնի առթիվ:
«Շրջանավարտ» բառը նշանակում է ուսումնական դասընթացն ավարտած, այսինքն՝ ավարտել կյանքի մի շրջան, շրջափուլ: Իսկ ձեր կյանքի այս շրջափուլը համընկավ մեր երկրի և ժողովրդի համար բախտորոշ ու շրջադարձային իրադարձությունների հետ. 44-օրյա պատերազմ, ժամանակավորապես կորսվեց հայրենիքի մեծ մասը, ազգի սերուցքը կազմող ազնվազարմ ևս մեկ բացառիկ աստղաբույլ բռնեց հավերժի ճամփորդի ուղին, դավադիր թշնամու կողմից ավելի քան 160 օր շրջափակված է Մայր Հայաստանի հետ կյանքի ճանապարհը, անորոշության մառախուղը կարծես ետ քաշվելու ցանկություն չունի, բայց այս ամենի հետ մեկտեղ բոլորս միասին կրկին ականատեսը դարձանք մեր հերոս քաջորդիների պանծալի սխրանքներին, իր ազատության ու անկախության համար անդուլ պայքարի ելած արցախցու վճռականությանը, անընկճելի ու աներեր ոգուն, որին հիշյալ չարաղետ իրադարձությունները միայն ու միայն կոփեցին՝ վերստին ապացուցելով ինքնորոշման և ազգային արժանապատվության համար մղվող մեր երեսնամյա պայքարի արդարացիությունն ու անբեկանելիությունը:
Սիրելինե՛րս, արագ փոփոխվող աշխարհը ենթադրում է նոր գաղափարներ և կյանքի հանդեպ արդիական մոտեցումներ, որտեղ, ըստ ամենայնի, անհրաժեշտություն է որակյալ ու շարունակական կրթությունը: Առավել ևս մեր հայրենիքի՝ վիրավոր Արցախի ապաքինման ճանապարհին անհնար է արդյունավետություն ապահովել առանց արհեստավարժ և մրցունակ մասնագետների, որոնց շարքերը, համոզված եմ, մոտ ապագայում համալրելու եք հենց դուք, և կարճ ժամկետում մեր փոքրիկ հայրենիքի բարեկեցության և բարգավաճման գործում, անտարակույս, նշանակալի է լինելու նաև ձեր ներդրումը:
Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ ուժ, եռանդ, գունեղ երևակայություն և հաջողություններ եմ մաղթում. շարունակե՛ք սովորել, լուսավորվել և լուսավորել, ամրապնդել ձեր հավատը մեր պայծառ գալիքի հանդեպ՝ ի փառս Հայոց Արցախ աշխարհի, ի շահ մեր ինքնության և հարատևման:
Հարգանքներով` ԱՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյան»: