Սա, կարծես, բարձյալի հրաշք լինի, որ ծննդկանն ու նորածինը փրկվել են։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էրեբունի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանն՝ անդրադառնալով քամու պոկած թիթեղից վնասվածք ստացած հղի կնոջը։
«Ճիշտ տակտիկա է եղել, որ հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել սեփական տրանսպորտով։ Հերթապահ բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմով՝ ընդամենը 2-3 րոպեի ընթացքում նախապատրաստվել է և կատարվել վիրահատություն։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերք է եղել։ Մայրն ու երեխան արդեն լավ վիճակում են, շուտով կպատրաստվենք դուրսգրման»,-ասաց Պողոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր գործունեությանս 45 տարվա ընթացքում այսպիսի դեպք չի տեսել, որ բնության աղետի պատճառով հղի կինն այդպիսի վնասվածք ստանա։