Հետևեք մեզ։

Էդմոն Մարուքյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հանդիպում է առաջարկում․ ուղիղ եթերում զանգահարեց նրանց (տեսանյութ)

13:40, 16 մայիս 2025

«Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմփիչմենթի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմփիչմենթի նախաձեռնություն են սկսել»,- այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել։

 

Մարուքյանը որևէ խոչընդոտ չի տեսնում, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորներն իրենց ստորագրությունը դնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծին, որը հասցեագրվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար ժողովրդի աջակցությունը կլինի։ Ըստ նրա՝ պահը հասունացել է։ Այնուհետև Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։ Սեյրան Օհանյանը Էդմոն Մարուքյանին պատասխանեց, որ հարցը կքննարկի խմբակցության հետ և կպատասխանի։ Իսկ Հայկ Մամիջանյանը հեռախոսազանգին չպատասխանեց․ Էդմոն Մարուքյանը նրան ձայնային հաղորդագրությամբ փոխանցեց իր առաջարկը։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները