Հետևեք մեզ։

Ինչո՞ւ եք ՀՅԴ-ին վերաբերող հարցն ինձ տալիս. Աղվան Վարդանյանը՝ լրագրողին

17:12, 26 մայիս 2023
Ինչո՞ւ եք ՀՅԴ-ին վերաբերող հարցն ինձ տալիս. Աղվան Վարդանյանը՝ լրագրողին

 

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին:

 

«Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վկայական չունենք: Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մենակ արեւմտյան սահմաններն է անընդհատ խախտում հակառակորդը»,- ասել է Աղվան Վարդանյանը:

 

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելել է` Նախիջեւանի հանրապետությունն Ադրբեջանի մաս է, իրենք միջանցք են ուզում: Նույն սիմետրիայով Արցախն էլ պիտի Հայաստանի մաս լինի ու միջանցք գործի:

 

Պատգամավորն անդրադարձ է կատարել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով տարբեր մայրաքաղաքներում նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

 

«Երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումից ակնկալիք չունեի, որ որեւէ համատեղ հայտարարություն է ընդունվելու: 2-3 տոկոս հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին տեքստ կլիներ, բայց դա էլ չեղավ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորն ու հավելել` չի կարծում, որ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու:

 

Աղվան Վարդանյանը խոսել է նաեւ իշխանափոխության մասին:

 

«Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել հեռացնել այս իշխանությանը, փորձելու ենք էլի: Սա ո'չ միայն Հայաստանում է լինելու, այլ նաեւ Արցախում»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ իշխանությանը հեռացնելու իր տարբերակն ունի:

 

«Պայմանական 100 մարդ է անհարժեշտ, որոնք 100 տոկոսով իրար հետ համաձայն են եւ պատրաստ են ինքնազոհաբերությամբ վճռական ցանկացած քայլի գնալ: Մեր ողբերգությունն այն է, որ ազգային պետական էլիտա այդպես էլ չունեցանք, որը նույն արժեքներն ու մտածողությունն ունի: Իշխանափոխության գործընթացն այլեւս կանգ չի առնի ու մենք կհասնենք մեր նպատակին, եթե ազգային պետական էլիտա ձեւավորենք` հոգեւոր, տնտեսական, քաղաքական գործիչներից, ու առաջնորդին հստակեցնենք»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

 

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է` ինչո՞վ է այս պահին զբաղված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Լաչինի միջանցքը բացվե՞լ է, որ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ զորախմբին:

 

«Ինչո՞ւ եք Հայ հեղափոխական դաշնակցությանը վերաբերող հարցն ինձ տալիս»,- ի պատասխան լրագրողի հարցին` ասել է Աղվան Վարդանյանը: