Վերջին զանգն այսօր հնչել է նաև Արցախի Խնապատ համայնքում։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանակն դիրքերի դիտակետում հայտնված գյուղն այսօր չորս շրջանավարտ է ունեցել։ Խնապատի դպրոցի ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Անահիտ Առուստամյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացնում են, դպրոցում կրթական ծրագրերն ընթանում են բնականոն հունով։
Ինչ վերաբերում է շրջանավարտներին, Անահիտ Առուստամյանն ասաց, որ շրջանավարտները չորսն են՝ մեկ տղա՝ Գոռը և երեք աղջիկ։
«Մեր բոլոր շրջանավարտներն իրենց ուսումը շարունակելու են։ Գոռը հանրային կառավարում մասնագիտությունն է ընտրել, Նատելլան ցանկանում է իրավաբան դառնալ, Գոհարը ցանկանում է Հայաստանում շարունակել ուսումը, բայց տեսնենք, թե ինչ կլինի, անգլերեն է պարապում։ Մարիան երկու մասնագիտություն է ընտրել՝ դիզայներ և կառավարում, նա նկարելու մեծ շնորհ ունի»,-ասաց նա։
Ի դեպ, տիկին Առուստամյանը նշեց, որ շրջանավարտներին շնորհավորելու են գնացել նաև տասը տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտները, որոնց դասղեկն ինքն է եղել։