Պետական եկամուտների կոմիտեն հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Գնումն իրականացվել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ, շինաշխատանքների, անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը կկազմի 732 մլն 805 հազար դրամ։
Շինաշխատանքները կատարելու է «Արտկոն» ՓԲԸ-ն:
Պայմանագրի համաձայն՝ «Մարգարա» մաքսակետում նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասասրահ, մեկհարկանի պահեստի մասնաշենք, մեկհարկանի զննման մասնաշենք, 2 հսկիչ-անցագրային կետ, ավտոմեքենաների ձևակերպման 2 տաղավար, հերթափոխի հանգստի 2 տաղավար, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներտարածքային ճանապարհներ։
Հիշեցնենք՝ Մեծամոր համայնքի ավագանին մաքսակետի կառուցման համար Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրաատվությամբ հանձնել էր ՊԵԿ-ին։