Վրաստանի իշխանությունը, բազմիցս հայտարարել է, որ քաղաքական երկխոսություն չենք վարում Ռուսաստանի իշխանության հետ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրագրողները վարչապետին հարցրել են ՌԴ նախագահի երեկվա հայտարարության մասին, որում Վլադիմիր Պուտինն ասել է. «Ինձ թվում էր, թե Վրաստանի ղեկավարությունը բազմիցս բարձրացրել է վիզաների չեղարկման և նորմալ օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը, և մենք համապատասխան քայլի ենք դիմել»։
«Միակ բանն այն է, որ մենք տնտեսական, առևտրային հարցերով հարաբերություններ ունենք, սա հայտարարված է և բաց։ Այդ մասին թաքցնելու ոչինչ չունենք։ Եթե որևէ մեկը՝ Վրաստանի իշխանությունը, փորձել է կապ հաստատել, դա Սաակաշվիլիի կառավարությունն է։ Մենք ունենք պաշտոնական ներկայացուցիչ, և այդ մասին որևէ խոսակցություն չենք ունեցել։ Վիզայի ազատականացում խնդրում էին մեր սփյուռքի, վրացական բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ես գիտեմ, որ այլ խմբեր էլ են դա խնդրել, և դա շարունակվում է տարիներ ի վեր: Նաև, գլխավորը, որ ուզում եմ ձեզ ասել, այն է, որ եթե որևէ մեկը պահանջել է վերականգնել թռիչքները և առևտուրը Ռուսաստանի հետ, դա Սաակաշվիլին և նրա կառավարությունն էր։ Կարծում եմ՝ ՌԴ նախագահը նկատի ուներ Սաակաշվիլիի իշխանությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։