Մայիսի 27-ին ժամը 13։40-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 56 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հրդեհը շիջելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
Տեղ հասնելուց պարզվել է, որ հեղուկ գազի բալոնից գազի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների, մասնակիորեն այրվել է բաղնիքի դուռը և պատուհանը, ծխահարվել է միջանցքը և խոհանոցում տեղադրված ջրի տաքացուցիչը։
Տան բնակիչ՝ 62-ամյա Լ. Ա.-ն, փորձելով հրդեհը ինքնուրույն մարել, ձեռքի դաստակների շրջանում ստացել է քիմիական այրվածքներ։ Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն, տուժածի վիճակը գնահատվում է բավարար։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է նման իրավիճակներում ինքնուրույն քայլեր չձեռնարկել վտանգը չեզոքացնելու համար։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։