Հետևեք մեզ։

Բիձինա Իվանիշվիլին բացատրել է, թե ինչու է հրաժարվել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից

22:10, 28 մայիս 2025
Բիձինա Իվանիշվիլին բացատրել է, թե ինչու է հրաժարվել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից

Անձնական շանտաժի պայմաններում դեսպանի հետ հանդիպումն ու պետական հարցերի շուրջ խոսակցությունը սխալ եմ համարում,- այս մասին նշված է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։

Իվանիշվիլին անդրադարձել է ԱՄՆ դեսպանատան այսօր տարածած հայտարարությանը։

«Այսօր տարածվեց հայտարարություն ԱՄՆ դեսպանատան կողմից առ այն, որ ես մայիսի 22-ին մերժել եմ հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ, որտեղ պետք է լսեի «Թրամփի վարչակազմի» ուղերձը։ Այս հայտարարությունն ինձ համար անհասկանալի է, քանի որ դեսպանատունը շատ լավ գիտի բոլոր մանրամասները, որոնք կապված են այս հարցի հետ։

Հաստատում եմ, որ մի քանի օր առաջ եղել է դեսպանատան հաղորդակցություն Վրաստանի վարչապետի և իշխանության այլ պաշտոնյաների հետ՝ հանդիպման վերաբերյալ։ Ամերիկայի դեսպանը Վրաստանի վարչապետին հայտնել է, որ ցանկանում է հանդիպել ինձ հետ և փոխանցել «նախարար Ռուբիոյի ուղերձը», ինչի կապակցությամբ ես խոր հարգանք եմ հայտնել, սակայն մերժել եմ հանդիպումը։

ԱՄՆ կողմի հետ հանդիպման մերժման պատճառը ես նախկինում հրապարակավ նշել եմ և այն անփոփոխ է։ Հիշեցնեմ, որ անձնական շանտաժի պայմաններում, նախորդ տարի ես մերժել եմ հանդիպում նաև պարոն Օ’Բրայենի հետ, երբ իմ նկատմամբ գործել են միայն ոչ ֆորմալ պատժամիջոցներ։ Հանդիպման առաջարկ ես ստացել եմ նաև նախկինում, և նույն պատճառով մերժել եմ, ինչը նախկին վարչակազմին մի քանի անգամ նաև գրավոր եմ բացատրել։

Նախկին վարչակազմի ժամանակ ԱՄՆ-ն սահմանել է սկզբում ոչ ֆորմալ և ապա ֆորմալ պատժամիջոցներ իմ դեմ։ (Իմ նկատմամբ ոչ ֆորմալ պատժամիջոցները կիրառվում են շատ կոպիտ կերպով։ Օրինակ՝ շվեյցարական «Julius Baer» բանկը, որի նկատմամբ ես հաղթել եմ դատարանում, բացարձակապես անօրինական կերպով հրաժարվում է վերադարձնել իմ միջոցները, ինչում ներգրավված են նաև ամերիկացի փաստաբաններ)։

Այսպիսի անձնական շանտաժի պայմաններում դեսպանի հետ հանդիպումն ու պետական հարցերի շուրջ խոսակցությունը ես սխալ եմ համարում։ Այս պարագայում, անպայման ինձ մոտ առաջանալու է բարդույթ, որ պետական հարցերի վերաբերյալ որոշում եմ ընդունում իմ անձնական շահերի հակադրությամբ, ինչը ինձ համար սկզբունքորեն անընդունելի է։ Այս կաշկանդումը ինձ մոտ կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ կունենամ զգացում, որ համաձայնությունը կարող է օգտակար լինել երկու կողմերի համար։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ անձնական շահը երբեք չեմ դասել պետական շահերից վեր՝ ոչ 2012-ին և ոչ էլ տասը տարի անց՝ 2022-ին, երբ հենց պետական շահերի օգտին իմ անձնական շահերը մեծագույն վտանգի տակ դրեցի։

Հիշեցնեմ նաև, որ երբ անցած տարվա աշնանը ոչ ֆորմալ պատժամիջոցների կիրառումը կարճ ժամանակով դադարեցվեց և որոշ միջոցներ ազատ արձակվեցին, ես ինքս առաջարկեցի ԱՄՆ դեսպանին հանդիպում, ինչին նա սկզբում համաձայնեց, սակայն հանդիպումը մի քանի անգամ հետաձգեց, ապա ընդհանրապես հրաժարվեց դրանից։

Հուսով եմ, որ ԱՄՆ դեսպանատունը դրականորեն կպատասխանի Վրաստանի կառավարության առաջարկին՝ վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը սկսել «մաքուր էջից» և հստակ ուղեցույցով», – նշված է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները