Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիա» ակումբում։
Լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը հայտարարել է, որ որոշումն իրենն է, ինչն այդքան էլ կապ չունի ֆուտբոլի հետ։
«Ես գտնում եմ, բացի նրանից, ինչ մարզիչը պետք է ունենա, երկու կարևոր նախապայման կա՝ մոտիվացիա, էմոցիաներ։ Ես այս պահին դրանք չունեմ։ Հիմնականումում խոսքը վերաբերում է ներքին առաջնությանը, չգիտեմ ինչքան կտևի՝ 6 ամիս, 1 տարի։ Կարող է դրսից աշխատանքի առաջարկ լինի, միանգամից ընդունեմ։
Միևնույն ժամանակ, ակումբը շնորհակալություն է հայտնել Մինասյանին ու թիմին կատարած աշխատանքի համար։
«Հենց նրանց ղեկավարությամբ է մեր ակումբը հասել աննախադեպ բարձունքների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, նվաճելով Հայաստանի գավաթը։
Բայց թվերն ամենը չեն արտահայտում։
Նրանք մեր պատմության անբաժան մասն են ու միշտ կլինեն «Արարատ-Արմենիայի» մասնիկը՝ անկախ ճանապարհներից, որոնք բացվելու են իրենց առջև։
Շնորհակալություն ձեր նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավության համար։
Ձեր թողած ժառանգությունը կմնա մեր ակումբի պատմության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։
Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ և վստահ ենք, որ ձեր ճանապարհը լի կլինի նոր հաղթանակներով։
Շնորհակալություն ամեն ինչի համար։
Դուք մեզ հետ եք։ Միշտ»,- ասվում է հայտարարությունում։