ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)։
«Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում այս համերաշխության ցույցը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է՝ իրազեկելու այս ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Այս հռչակագիրը վկայում է Արիզոնայի ամերիկահայ համայնքի անխոնջ պաշտպանությունը, և ANCA-ն ակնկալում է շարունակել աշխատել նահանգի տեղական ակտիվիստների հետ՝ ապահովելու, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:
Արիզոնայի հայ համայնքի ղեկավարներ Արթուր Արթենյանը և Վարդան Արաբյանը, աշխատելով ANCA-ի հետ համատեղ, գլխավորել են օրենսդրական ջանքերը: Հռչակագրում Արցախը նշվում է որպես «հայ ժողովրդի բնիկ հայրենիք, որը մի քանի հազարամյակ եղել է հայ մշակութային, քաղաքական և կրոնական կյանքի կենտրոն»: