Ռուսաստանի Վորոնեժի մարզում գնացքի անցնելուց առաջ պայթեցրել է երկաթգծի մի հատված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։
Ըստ հրապարակման՝ մեքենավարի և գնացքի անձնակազմի գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ողբերգությունը, զոհեր չկան։ Միջադեպի հանգամանքները պարզվում են
Հաղորդվում է, որ կան բոլոր հիմքերը ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։
Հունիսի 5-ի առավոտյան Վորոնեժի մարզի իշխանությունները հայտնել էին տարածաշրջանի հարավում երկաթուղու վնասման և մի քանի գնացքի աշխատանքի դադարեցման մասին այն բանից հետո, երբ գնացքներից մեկի մեքենավարը նկատել էր երկաթգծի «աննշան վնաս»։
Ըստ Դաշնային ուղևորային ընկերության և «Գրանդ սերվիս էքսպրես» ընկերության տվյալների՝ Ռուսաստանի հարավ և հակառակ ուղղությամբ ուղևորվող ավելի քան 20 գնացքների մեկնումն ու ժամանումը հետաձգվել են։
Սա երկաթուղու առաջին պայթյունը չէ վերջին շաբաթվա ընթացքում։ Հունիսի 1-ի գիշերը Կուրսկի և Բրյանսկի մարզերում պայթյունների հետևանքով գնացքները դուրս էին եկել ռելսերից։ Բրյանսկի մերձակայքում մարդատար գնացքի վթարի հետևանքով 7 մարդ էր զոհվել, 119 մարդ՝ վիրավորվել։ Ռուսաստանի իշխանությունները մեղադրել են Ուկրաինային ահաբեկչության կազմակերպման մեջ։ Կիևը չի մեկնաբանել գնացքի վթարը։