Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը նաև վարում է նիստերը, հայտնեց, որ թեժ գիծ ահազանգ է եղել, որի մասին ինքը տեղյակ է․ «Մենք ունենք ծառերի հատման դեպք Կենտրոն վարչական շրջանում և ես գիտեմ, որ մեր թեժ գիծ եղել է զանգ, ով կարո՞ղ է ներկայացնել»։
Քաղաքապետարանի պաշտոնյա Գրիգորյանն ասաց, որ թեժ գիծ եղել է զանգ, զանգն եղել է երկու անգամ, և տեխնիկական խնդիր է եղել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապ հաստատելու մասով, ինչն այսօր ևեթ կուղղվի։
Ավինյանն ասած, որ փաստորեն այս տեխնիկական խնդրի պատճառով հաստաբուն բարդիներ են հատվել․ «Ծառայողոական քննություն սկսենք, հասկանանք, թե ում պատճառով է տեխնիկական խնդիրը, ես վստահ եմ, ուղղակի հենց այնպես չեն հատվել, մեկի մտքով անցել է, որ այդ հողի այդ հատվածը ինքը կարողանալու է զավթել, մի հատ ուղարկեք ձեր տղաներին, պարոն Ղուկասյան ու եթե այդ տարածքում ցանկապատված տարածք կլնի, մաքրեք․ որևէ մեկի մտքով չանցնի, որ էս մեթոդով հողազավթումներ են կարողանալու անել»։
Ավինյանն ասաց, որ թեժ գծի ահազանգերին պետք է արագ արձագանքել․ «Վարչական շրջանների հարգելի ղեկավար, վերահսկողներ, թեժ գծից եկած զանգերը ձեր Աստվածաշունչն են, դրանից կարևոր բան չկա, եթե նույնիսկ ես բան եմ ասում, թեժ գծից եկած զանգն ավելի կարևոր է»։