Գազայի հատվածի տարբեր շրջաններին հունիսի 7-ի առավոտյան իսրայելական զինուժի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
Նշվում է, որ 12 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը տուժել են հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի շրջանում գտնվող տեղահանված անձանց վրաններին հարվածների հետևանքով, ևս 7 անձ դարձել է Գազա քաղաքում փախստականներով բնակեցված շենքին հասցրած հարվածի զոհ: Եվս 6 հոգի զոհվել է հարավային Ռաֆահ քաղաքի մոտ գործող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի առջև հավաքված մարդկանց ուղղությամբ իսրայելական զինվորականների բացած կրակի հետևանքով:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից Իսրայելի կողմից հրետակոծությունների վերսկսման պահից այստեղ զոհվել է ավելի քան 4400 մարդ, տուժել՝ շուրջ 13.4 հազարը: