Հետևեք մեզ։

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

07:14, 09 հունիս 2025
Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։

 

Առաջին փուլ


Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։

 

Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.


-հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,


-հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,


-հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:

 

Երկրորդ փուլ


Հունիսի 24–ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

 

Երրորդ փուլ 


Հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: 

 

Հայտագրման մյուս մանրամասները՝ https://escs.am/am/news/29680

Վերլուծական

Ամենաընթերցվածները