Լոս Անջելեսում հունիսի 8-ին ցույցերն ավելի ինտենսիվ են դարձել. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի տեղակայման։ Ցուցարարները փակել են գլխավոր մայրուղիներից մեկը, մեքենաներ են այրել, իսկ իրավապահները ցուցարարներին զսպելու համար կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Լոս Անջելեսում արդեն երեք օր է՝ ցույցեր են անցկացվում նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Գործակալությունը նշում է, որ ոստիկանությունը հավաքն անօրինական է անվանել, և երեկոյան շատերը հեռացել են։ Սակայն մնացած ցուցարարները մոտակա հանրային զբոսայգուց նստարաններ են վերցրել ու արգելապատնեշ կառուցել, ոստիկանների վրա տարբեր առարկաներ նետել։
Reuters-ը հաղորդում է, որ որոշ ցուցարարներ ձերբակալվել են։ Ըստ հրապարակման՝ Ազգային գվարդիայի անդամները հսկողություն են հաստատել դաշնային կառավարության շենքերի նկատմամբ, մինչ ոստիկանների և իրավապահների միջև քաղաքի մի քանի հատվածներում բախումներ են տեղի ունեցել։
Լոս Անջելեսի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը հունիսի 8-ին Դոնալդ Թրամփին նամակ է ուղարկել՝ խնդրելով հեռացնել Ազգային գվարդիայի անդամներին և նշելով, որ նրանց տեղակայումը «նահանգի ինքնիշխանության լուրջ խախտում է»։
MSNBC-ին տված հարցազրույցում Նյուսոմը հայտնել է, որ ծրագրում է դատի տալ ԱՄՆ վարչակազմին Ազգային գվարդիա տեղակայելու համար՝ հավելելով, որ Թրամփն է «ստեղծել պայմաններ» ցույցերի համար։ Նա նախագահին մեղադրել է ճգնաժամ ստեղծելու մեջ։
Իր հերթին, Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում հրահանգել է անհապաղ ձերբակալել դիմակ կրող ցուցարարներին։ Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ խռովարարներին վճարում են։ Թրամփը նաև Լոս Անջելեսի քաղաքապետին և նահանգապետին մեղադրել է իրենց պարտականությունները վատ կատարելու մեջ։