Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նա ասաց, որ դիրքերի կահավորման աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի հստակ իմանալ գյուղատնտեսական վնասը, որպեսզի բնակիչները փոխհատուցում ստանան:
«Ընդհանուր առմամբ, հիմա 50 տնտեսվարող չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը:
Ինչ վերաբերում է Սյունիքում տիրող իրավիճակին, ապա մարզպետն ասաց․ «Իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Չնայած այդ ամենին՝ տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն»։