«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի քրեական վարույթով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնացել է ուժի մեջ։ Այս մասին հայտնում է Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) 2024-ի նոյեմբերին Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի բողոքը մերժել էր, իսկ պաշտպանության կողմի ներկայացված բողոքը բավարարել մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատելով 1 տարի ժամկետով։
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում էր 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։