ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձև աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում: