Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը արձագանքել է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը՝ նշելով, որ Արցախի ԱԺ-ն վճռականորեն դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, մեկնաբանության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:
Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: