Լուսանկարը Hetq.am-ի
Վճռաբեկ դատարանն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի գործով բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Ասատրյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Դանիելյանի, Թադևոսյանի, Պողոսյանի և Օհանյանի, բավարարել է մեղադրող կողմի վճռաբեկ բողոքը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը` ամբաստանյալ Ալիկ Լյովայի Բանդուրյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ամբաստանյալ Պետրոս Գոռի Իսրայելյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ամբաստանյալ Արմեն Լյովայի Գասպարյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Պետրոս Իսրայելյանին (Չարբախցի Գեղամ) և Ալիկ Բանդուրյանին մեղսագրված արարքները վերաորակելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի ամբաստանյալներ Բանդուրյանին, Իսրայելյանին և Արմեն Գասպարյանին (Բդո) առաջադրված մեղադրանքների հիմնավորվածության կապակցությամբ դատախազի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկները և վերջիններիս մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման հարցում հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված Գևորգ Ավետիսյանի և Մուշեղ Մուշեղյանի սպանություններին։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, ինչի հետևանքով նա մահացել էր, միջադեպի ընթացքում մահացել էր նաև Գևորգ Ավետիսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գործը քննելով՝ Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին անմեղ էր ճանաչել ու արդարացրել: Դատարանը վերաորակել ու մեղմացրել էր Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր էր ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել էր Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել էր պատժի կրումից:
Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել և Վերաքննիչից պահանջել, որ ամբաստանյալները պատժվեն նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, այդկերպ պահանջելով Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, Պետրոս Իսրայելյանին՝ 14, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:
Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն:
Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված Ալիկ Բանդուրյանը մեղավոր էր ճանաչվել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելուն դրդելու համար և դատապարտվել 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել էր Ալիկ Բանդուրյանի՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 տարի 1 ամիս, վերջնական պատիժ էր սահմանվել 1 տարի 11 ամիս ազատազրկումը, և նա Համաներման ակտի դրույթով ազատվել էր պատժի կրումից։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի, Պ.Իսրայելյանի և Ա.Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։