Մայիսի 29-ին, ժամը 20.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի մի բնակչի ձեռքին ատրճանակ կա, հնարավոր է՝ վնասի որևէ մեկին:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և պարեկային ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.00-ին Վերին Ծաղկավան բնակավայրի 1-ին փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է տեղափոխվել 85-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, և 49 փամփուշտ:
Տղամարդը, հայտնաբերված ատրճանակը, փամփուշտները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: