Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ խնդիրներ է ստեղծել Պարսից ծոցի նավագնացության համար, որտեղ անցյալ շաբաթվանից առաջացել է գրեթե 1000 նավի խցանում, հաղորդում է S&P Global-ը:
Նավատերերը սահմանափակում են տարանցումը միայն ցերեկային ժամերին՝ տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակի պատճառով, միաժամանակ գլոբալ նավիգացիոն համակարգերի և կապի խափանումը մեծացնում է նավերի բախման վտանգը։
Նրանք նշում են, որ GPS-ի շահագործման հետ կապված խնդիրները խաթարում են նավիգացիան, դժվարացնում են մյուս նավերի հայտնաբերումը և մեծացնում բախումների հավանականությունը:
Հունիսի 17-ին Front Eagle և Adalynn լցանավերի բախում է տեղի ունեցել ԱՄԷ-ի Հաուր-Ֆաքան նավահանգստից 44 կմ հեռու՝ Հորմուզի նեղուցից ոչ հեռու, որտեղ ավելի վաղ զգուշացրել էին իրանա-իսրայելական հակամարտության սրման պատճառով էլեկտրոնային խանգարումների աճի մասին։ Բախման պատճառը չի հաղորդվել։
Պարբերականը նշել է, որ նավագնացության սահմանափակումները հանգեցրել են տրանսպորտային աննախադեպ խցանումների էներգակիրների տարանցման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում, ինչպես նաև բեռնափոխադրումների սակագների կտրուկ աճի:
Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցը կապում է Արաբական ծովի հետ, օրական փոխադրվում են մոտ 20 միլիոն բարել նավթ, խտանյութ և նավթամթերք, ինչպես նաև գրեթե մոտ 311 միլիոն խորանարդ մետր հեղուկացված բնական գազ։