Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ շտապօգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանույթան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: