Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը։
Ըստ Ցականյանի՝ սահմանագոտում և՛ ադրբեջանական ԶՈՒ-ն, և՛ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա մարտական գործունեությամբ:
«Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել: Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ իրականացնում ենք և՛ անհատական պատրաստություն, և՛ ստորաբաժանումների ներդաշնակում, անցկացնում ենք զորավարժություններ, պարապմունքներ՝ ուղղված մարտունակության պահպանմանը: Մեր գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է», - ասել է Ցականյանը։