Հետևեք մեզ։

Արցախի ԱԳՆ-ն խորը հիասթափություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

21:10, 31 մայիս 2023
Արցախի ԱԳՆ-ն խորը հիասթափություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք առաջացնող է որակել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։

 

Մեկնաբանության մեջ նաև նշված է. «Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։

 

Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»։