Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ։
«Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ հարցումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով այցելողներից», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
«Նրանք հայտնել են քաղաքացիական հագուստով անձանց` իրենց բնակության վայրեր ժամանելու մասին (որոնցից մի քանիսը ներկայացել են որպես ոստիկաններ), ովքեր հետաքրքրվել են ռուսների` երկրում գտնվելու նպատակի մասին և ստուգել նրանց փաստաթղթերը: Իրենց հետ կապ հաստատածներից մի քանիսի խոսքով՝ իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն»:
Դեսպանատունը կոչ է արել ռուսներին հաղորդել բոլոր նման դեպքերի մասին դիվանագիտական ներկայացուցչությանը: