Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի. «Հետք»

07:45, 04 հուլիս 2025
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի. «Հետք»

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից  պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ, գրում է «Հետքը»։

 

Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։

 

Այս արտահայտությունները Ս. Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, հետևաբար փոխհատուցումից բացի` Ա. Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։

 

Զրպարտության մասով գործարարը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում արտահայտած տվյալները։ Այն, որ ՖՍԲ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն-խմբ.) կողմից Սամվել Կարապետյանին հրահանգվել է անել news.am-ի հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) համար։

 

Ինչ վերաբերում է պատգամավոր Հայկ Կոնջորյանի դեմ ներկայացրած հայցին, ապա գործարարը վիրավորական է համարել պատգամավորի հետևյալ արտահայտությունները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք»,  «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք... վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

 

Իսկ զրպարտության մասով, Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Հայկ Կոնջորյանը  հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին  ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն։ 

 

Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները