«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մամլո ասուլիս է տալիս, ի նշան Մանուկների պաշտպանության օրվա, իրեն հարցեր են ուղղում մանուկները:
Փոքրիկներիղ մեկի հարցին ի պատասխան, թե ինչը չի սիրում Երևանում, Թանդիլյանը պատասխանել է. «Եթե առանց մտածելու պատասխանեմ, ապա խաղալու տեղ քիչ կա, քայլելու տեղ չկա: Կարծես թե Երևանը ոչ թե մարդկանց, այլ մեքենաների, աղմուկի, փոշու ու վեճերի համար է: Ես մտածում եմ, որ Երևանը պետք է դառնա քաղաք, որտեղ պիտի երջանիկ մանկություն անցնի, երեխաները իրենց ծնողների հետ զբոսնեն քաղաքում և լավ ժամանակ անցկացնեն»:
Հարցին՝ ինչ-որ մարդիկ ասում են, որ Արցախը Հայաստան չէ, բայց իր տատիկն ու պապիկը Արցախից են, դա ինչպես կլինի, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Լավ չեն անում այդ մարդիկ, որովհետև Արցախը հայկական է, մենք պիտի անենք ամեն բան, որ այն մնա հայկական: Մենք պիտի հնարավորություններ ստեղծենք, որ ձեր սերունդը հայկական Արցախի համար ավելի ապագային նայող որոշումներ կայացնի, այնպիսի որոշումներ, որոնք ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրապնդելու ճանապարհ կկերտեն»: