Նախկինում անհայտ կենսագրության տեր, իսկ վերջին յոթ տարվա ընթացքում մեկը թիկնապահով մարդու դեմքին թքող, մյուսը տնից միայնակ դուրս եկող և նման կատեգորիայի անձինք իշխանական մանդատ ունեն, և ամեն մեկը դա կիրառում է սեփական արշինի չափով։ Օրինակ, Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող Ղալումյանը մանդատ ունի, որ թիկունքից դպչի մարդկանց, մի ՔՊ-ական շիշ է շպրտում ընդդիմադիրի ուղղությամբ, բայց ուղիղ հարվածում է մյուս ՔՊ-ականի ճակատին, և այս ամենին, Ռոդենի քանդակներից մեկի տեսքով` լուռ, դռան տակ կանգնած հետևում է Փաշինյանի «նախկին» օգնական, այժմ օրվա որոշ ժամերին դատախազի հաստիքով Աննա Վարդապետյանը։
Բնավ, ասելիքս այն մասին չէ, որ գնար և բաժաներ տղամարդկանց, ասածս արձանագրում է, որ անգամ ՔՊ-ականները, ովքեր կանաչ կոճակով իրենց շեֆի օգնականի հաստիքը փաստաթղթով փոխել են դատախազի, նրա ներկայնությունն անգամ չէին նշմարում։
Այսօր շատերն են անդրադարձել Վարդապետյանի այդ կեցվածքին ու հրապարակման լուսանկարին, բայց ինչ պետք է աներ Վարդապետյանը։ Հուզական պոռթկումով գրառում էլ չկար, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացներ։
Աննա Վարդապետյանը հետևում էր, թե ինչպես են ՔՊ-ականները կանգնում, նայում, ապա թիրախավորում և որոշակի գործողություն անում ընդդիմադիրների նկատմամբ։ ՔՊ-ականները մասնակցում էին գործողության, իսկ Աննա Վարդապետյանը լուռ նայում էր։
Ինչ արած, մեկ վայրկյանում շիշը ծուռ նետող ՔՊ-ականի համար Աննա Վարդապետյանը հեղինակություն չէր դառնալու, որ նրա ներկայությունը նկատեին, սակայն մի օր, եթե նորմալ պետություն դառնանք, ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի մասին առանց վարչապետի գրառման վարույթ կհարուցվի, Աննա Վարդապետյանն էլ կլինի կողմնակալ վկան։