Հռոմի պապ Լևոն XIV-ը, ընդունելով Վլադիմիր Զելենսկիին, հաստատել է Վատիկանի պատրաստակամությունը դառնալու հարթակ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին ասվում է Սուրբ Աթոռի քարտուղարության հայտարարության մեջ։
«Սուրբ Հայրը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում կայանալիք բանակցություններին ողջունելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին», - ասվում է տեքստում։
Միաժամանակ, ընդգծվել է երկխոսության կարևորությունը՝ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու լավագույն միջոց։ Նշվում է, որ Պապը Զելենսկիի հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և արդար ու երկարատև խաղաղության անհրաժեշտությունը։ «Հռոմի պապը ցավակցություն հայտնեց զոհերի համար և վերահաստատեց իր աղոթքներն ու մտերմությունը ուկրաինացի ժողովրդի հետ՝ կոչ անելով գործադրել բոլոր ջանքերը՝ բանտարկյալներին ազատ արձակելու և համատեղ լուծումներ գտնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆոյի պապական ամառային նստավայրում, որտեղ Հռոմի պապը երկու շաբաթով տեղափոխվել է Վատիկանից։ Զելենսկին Իտալիա է ժամանել մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը տեղի կունենա մայրաքաղաքում հուլիսի 10-11-ը։ Նա նաև հանդիպումներ ունի նախատեսված հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների հետ։