ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ:
Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Արամ Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարությունից նստաշրջանին մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես 1972 թ․ կոնվենցիայի համակարգող։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակակական է։