2021-ի հոկտեմբերին «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ն տարածեց տեսանյութ, համաձայն որի` Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից քաղաքացի Վրեժ Մկրտումյանի նկատմամբ բռնություն էր գործադրվել, հնչեցվել էր սպառնալիք ոտքերին կրակելու մասին։
2022-ին Դատախազությունը հայտնել էր, որ խոշտանգման հոդվածով գործ է հարուցվել։
Խոշտանգման դեպքը ֆիքսել էր ավտոմեքենայի վրա տեղադրված տեսառեգիստրատորը։
Սակայն, այս գործով հաղորդագրություններ չկան, դեպքը մոռացվել է։
Hayastan.news-ը տուժողի պաշտպան Արա Ղարագյոզյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք է ստացել խոշտանգման գործը։
Պարզվեց, այն այլևս խոշտանգման հոդվածով չէ, դատախազությունը համարել է, որ դեպքը խոշտանգում չէ, այլ պաշտոնական լիազորություններն անցնել, իսկ Ստեփանավանի բաժնի պետը որևէ հանցանք չի գործել, ինչում դատարանը խնդիր է տեսել։
Արա Ղարագյոզյանն ասաց, որ բաժնի պետի տեղակալների մասով գործը մեղադրական եզրակացությամբ գնացել է Հակակոռուպցիոն դատարան, որովհետև մեղադրանքը ոչ թե խոշտանգման հոդվածով է որակված, այլ լիազորություններն անցնելու։
«Իսկ ոստիկանության Ստեփանավանի պետ Սուրեն Բագրատունյանի մասով Գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական հետապնդում հարուցել, նրա վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժել է դատախազը։ Ես դա բողոքարկել էի և երկու օր առաջ դատարանը որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է վարույթային ակտ կայացնել։ Ստացվում է, եթե դատախազությունը դատարանի որոշումը չբողոքարկի սահմանված ժամկետում, Սուրեն Բագրատունյանի նկատմամբ էլ է քրեական հետապնդում հարուցվելու։
Այսինքն, ստացվել էր այսպես. քննիչը դիմել էր դատախազին, դատախազը հրաժարվել էր Սուրեն Բագրատունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։ Դատախազի որոշումը բողոքարկվել է, Հակակոռուպցիոն դատարանը բողոքը բավարարել է։ Եթե դատախազությունը չբողոքարկի, նշանակում է, որ նրա նկատմամբ էլ է քրեական հետապնդում հարուցվելու»,-ասաց պաշտպանը։
Հարցին, թե արարքի վերաորակաորման մասով ի՞նչ քայլեր են արվել, Ղարագյոզյանն ասաց, որ երկու տեղակալների մասով նախանքննության ավարտից հետո անհամաձայնություն է հայտնել, միջնորդություն է ներկայացրել, որ խոշտանգում է տեղի ունեցել, ոչ թե լիազորությունների անցում։
«Քննիչը գրությամբ արդեն պատասխանել էր, որ միջնորդությունս թողել է առանց քննության, բողոքարկել եմ դատախազին, էլի թողել է առանց քննության։
Բողոք եմ ներկայացրել նաև դատարան, որ տեղի ունեցածը խոշտանգում է և բողոքներս թողնվել են առանց քննության, Հակակոռուպցիոն դատարանը մերժել է բողոքս, հիմա դիմել եմ Վերաքննիչ դատարան։ Ես կրկին այդ հարցը դատարանում բարձրացնելու եմ, որ այստեղ ամենաթողություն է տեղի ունեցել, բոլոր փաստերով մենք բողոքներ ունենք»։
Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ նրանք ազատության մեջ են։
Հիշեցնենք նաև, թե Քննչական կոմիտեն ինչ էր հայտնել նախաքննության վերաբերյալ դեպքից ամիսներ անց.
Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 29-ին’ ժամը 04:40-ի սահմաններում, Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհահատվածի սկզբնամասում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել Վ. Կ.-ին: Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող իրի մասին հարցի վերաբերյալ ճշտող հարցը զայրացրել է բաժնի պետի տեղակալին, և իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար պատժելու նպատակով վերջինս երկու անգամ բռունցքով հարվածել է Վ. Կ.-ի գլխի ձախակողմյան շրջանին՝ վերջինիս դիտավորյալ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
2022թ. փետրվարի 3-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վարույթի վերաբերյալ Hayastan.news-ը հարցումներ է գրել նաև Գլխավոր դատախազությանը, որոնց պատասխանը ևս կհրապարակվի։