Հետևեք մեզ։

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը Երևանի և Երևան-Սևան ճանապարհի խոտածածկ տարածքներում

08:44, 14 հուլիս 2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը Երևանի և Երևան-Սևան ճանապարհի խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով հրդեհաշիջման լայնածավալ գործողություններ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ուժերը, որոնց համատեղ, համակարգված ու արդյունավետ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում մեկուսացնել ու ամբողջությամբ մարել հրդեհի օջախները։ Հայտնում է ՆԳՆ-ն։

Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից տարածքներ՝ այդ թվում բնակավայրեր և անտառային հատվածներ։

Ելնելով երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հերթական անգամ հորդորում է լինել առավել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և խուսափել բաց տարածքներում կրակի ցանկացած օգտագործումից, հատկապես՝ անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները