ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:
CNN primanews – Ինչպե՞ս են Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ ունե՞ք, կամ անձնական հարաբերություններ ունե՞ք, թե՞ ոչ, թե՞ դա երկու պետության գործն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:
Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է: