Հետևեք մեզ։

Մի անգամ ինձ հարցրեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել. Նիկոլ Փաշինյան

22:03, 01 հունիս 2023
Մի անգամ ինձ հարցրեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը:

 

 

CNN primanews – Դուք իշխանության եք եկել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, որը բոլոր չեխերին հիշեցնում է 1989 թվականի թավշյա հեղափոխության մասին։ Երկու տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասու՞մ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ կարծեմ այդ հարցազրույցը հրապարակված է, դա հաստատ հեղափոխությունից առաջ էր. մի անգամ ինձ հարցրեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վստահաբար ես ասել եմ Նելսոն Մանդելա և Վացլավ Հավել: Եվ իրոք այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի:

 

Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց: