Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, ձերբակալվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սվերդլովսկի մարզի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Իգոր Պուտինցևը։
«Նա ձերբակալվել է, մենք այս տեղեկությունը ստացել ենք Քննչական կոմիտեից», - ասել է նա:
Մուտվալա Շիխլինսկին փաստաբան է։
Սվերդլովսկի մարզի դատարանների միասնական մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լենինսկի դատարանը հուլիսի 16-ին կքննարկի Մուտվալա Շիխլինսկիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Շիխլինսկիի դեմ գործ է հարուցվել 318-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն: Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, երիտասարդը հոր ձերբակալության ժամանակ անվտանգության ուժերից փախչելու փորձի ժամանակ վնասվածքներ է հասցրել «Ռոսգվարդիայի» աշխատակիցներից մեկին։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է մի էթնիկ խմբավորմանի գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին, իսկ հուլիսի 15-ին հայտնի է դարձել Բաքիր Սաֆարովի և Ախլիման Գյանջիևի ձերբակալության մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել էր, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է վեց անձ: Նախնական տվյալներով՝ մեղադրյալներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից: Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։ Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը, որը հրավիրվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, անհրաժեշտ բացատրություններ է տվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բաքուն բողոք է հայտնել անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։