Հետևեք մեզ։

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

11:33, 25 հուլիս 2025
Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ասադ աշ-Շեյբանին Փարիզում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Axios-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կազմակերպված հանդիպումը Իսրայելի և Սիրիայի միջև ամենաբարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր ավելի քան 25 տարվա ընթացքում։«Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան նախարարները հուլիսի 24-ին չորս ժամ տևողությամբ հանդիպում են անցկացրել Փարիզում՝ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի հովանու ներքո, և քննարկել երկրների միջև լարվածության թուլացման հարցը», - X-ում գրառում է կատարել Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Հանդիպման մասին հայտնել է նաև Թոմ Բարաքը։«Ես այսօր երեկոյան Փարիզում հանդիպեցի սիրիացիների և իսրայելցիների հետ։ Մեր նպատակը երկխոսությունն ու լարվածության թուլացումն էր, և մենք հենց դրան էլ հասանք։ Բոլոր կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու այս ջանքերը», - գրել է Թոմ Բարաքը X-ում։

Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ գագաթնաժողովի նպատակն էր համաձայնության հասնել Սիրիայի հարավի անվտանգության առնչությամբ՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը պահպանելու և նախորդ շաբաթվա նման ճգնաժամը կանխելու համար։

Վերջին անգամ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպում տեղի էր ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Շեփերդսթաունում հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին և Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ աշ-Շարաային՝ երկրների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում։

 

Վերլուծական