Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում աննախադեպ դեպք է գրանցվել, որի հեղինակը դատախազ Կարապետ Սմբատյանն է, իսկ դուետն ամբողջացնում է դատավոր Ռիմա Առաքելյանը։
Սովորաբար, նորմալ երկրներում և մեր երկրում էլ նորմալ մասնագետների պարագայում աննախադեպ է դառնում, օրինակ, բացառիկ իրավագիտական լուծումը, բողոքը, որին հղում են անում դատական ատյանները, մարդու ճակատագրին վերաբերող բացառիկ արդարամիտ ու համարձակ որոշումները։ Բայց, Կարապետ Սմբատյանի պարագայում ամեն ինչ այլ է, օրինակ, այնքան անփույթ մոտենալ իր գործին, որ շփոթի քրեական վարույթները և այլն։
Այդ դատարանի վարույթում գտնվող գործերից մեկում մոտ ինը ամիս է կալանավորված են երիտասարդներ. դատարանը կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխում, որովհետև դատախազն առարկում է, եթե դատախազն առարկում է, դատարանին շատ պետք է անցավ գլուխը դնի ցավի տակ։
Վերը նշածս հիմնավորում ունի, որովհետև, մասնավորապես, քաղաքացուն առնչվող մասով դատարանն անընդմեջ երկարացնում է կալանքի ժամկետը` «կարող է խանգարել քննությանը» սովորական ու շաբլոն տեքսը դնելով որոշման հիմքում։ Ահա և վերջ․ ինչպե՞ս է խանգարելու, ինչո՞վ է կալանքով կանխում խանգարելը, դատավորն իրեն բացարձակ չի տանջում, որպեսզի այս մասին մտածի, գոնե պատճառաբանություն հորինի։
Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երբեմն առանձին սենյակ էլ չի գնում, տեղում միանգամից որոշում է բավարարել կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը, դե՝ հավես կա՞․ որովհետև քաղաքացիներին կալանքի տակ պահելիս բողոքելու են միայն քաղաքացիները, իսկ եթե կալանքից ազատի, գուցե իրենից բողոքի ԲԴԽ-ն, եթե հիշեն, որ նման դատավոր ունեն, դատախազը, իշխանությունները, ինչու՞, որ քաղաքացին ազատ լինի, բա հավես կա՞։
Դատարանը կալանքի տակ է պահում երիտասարդներին, որպեսզի նրանք չխանգարեն քննությանը, սակայն այդպիսի որևէ մեկ փաստ անգամ չունի ձեռքի տակ։ Նշված քաղաքացիները կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում զրկված չեն եղել շփումներից, հեռախոսազանգեր կատարելուց և այլն, ավելին՝ վարույթով կալանավորները գտնվում են «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Հայտնի չէ, դատարանն այդ մասին գիտի, թե շաբլոն որոշումն հրապարկելու համար դա պարտադիր չէ։
Բոլոր որոշումները միանման են, առարկությունները ևս, միջնորդութուններն` էլ չասելու․ դատավորի կողմից բացառիկ անտարբեր վերաբերմունք է մարդու ճակատագրի, երիտասարդ տղաների ճակատագրի նկատմամբ, անգամ քաջություն, դատավորի համար պարտադիր ինքնուրույնություն չունի, որպեսզի շանս տա մարդուն և իրեն հասկանալու՝ թե ինչ կանեն ամբաստանյալները, եթե լինեն ազատության մեջ։
Իսկ անտարբերության, գործը չուսումնասիրելու վառ ապացույցը վերջերս կայացած նիստերից մեկով դատախազի մոտեցումն է եղել։
Hayastan.news-ի տեղեկություններով` այդ 29-ամյա դատախազն ապացույցների ուսումնասիրման փուլում դատարան է տարել և դատարանին ներկայացրել ապացույցներ, որոնց այլ անձանց են վերաբերում, ոչ թե նշված վարույթով անցնող ամբաստանյալներին:
Դատախազը ուրիշին պատկանող ապացույցները ներկայացրել է որպես ապացույց այս վարույթով և անգամ ինչ-որ բացատրություններ է տվել, մինչև պաշտպաններին հաջողվել է դատախազին համոզել, որ քրեական վարույթներն ու ապացույցները շփոթել է:
Այսքանից հետո արդարություն անկնակելն առնվազն անուղղելի ռոմանտիզմ է, երևի պետք է լսել Աննա Վարդապետյանի սեփական PR-ի մասին հեքիաթները, որոնք ամեն ամիս պատմելու ժամանակ ունի։ Վստահաբար, այդ դատարակությունն է երկնում արդարադատության ու մարդու ճակատագրի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։