Գազայի հատվածում սովի և թերսնուցման զոհերի թիվը հասել է 147-ի, հայտարարել է պաղեստինյան անկլավի աշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։«Գազայի հատվածում սովը շարունակվում է ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Վիրավորներն ու հիվանդները տառապում են ծանր թերսնուցումից, որը կարող է հանգեցնել նրանց մահվան», - նշել է նա։
Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական բանակի կրակոցներից հուլիսի 25-ի լուսաբացից ի վեր 43 մարդ է զոհվել, որոնցից 9՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։ «Բոլոր անցակետերի բացումը և օգնության զանգվածային մուտքը միակ միջոցն են Գազայի հատվածի բնակչության շրջանում սովի հետագա վատթարացումից խուսափելու համար», - հայտարարել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA)։
Գործակալության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածն օրական կարիք ունի անհրաժեշտ պարագաներով լի առնվազն 500-600 բեռնատարի։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին՝ հորդորելով վերադարձնել պատանդներին։«Ես շատ հստակ և ամենայն լրջությամբ ասում եմ, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին, ապա դժոխքի դարպասները կբացվեն Գազայում», - հայտարարել է Կացը։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 821-ի, վիրավորվել է 144 951 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։