Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքներն անվանափոխելու պրակտիկան լայն տարածում գտնի Ադրբեջանում։ Այս մասին RTVI-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։
«Ինչ վերաբերում է ռուսական քաղաքների և աշխարհագրական հասկացությունների վերանվանմանը, որը Ադրբեջանը որոշել է իրականացնել որպես վրեժ, ես նրանց հաջողություն եմ մաղթում։ Միակ բանն այն է, որ այս իրավիճակում մենք դժվար թե կարողանանք Ադրբեջանից գնացքներ և ինքնաթիռներ ընդունել, եթե այնտեղ նպատակակետը գրված լինի այնպես, ինչպես նրանք այժմ որոշել են», - զգուշացրել է Զատուլինը։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես այսօրվա Ադրբեջանից ավելի մեծ պատմական արմատներ ունեցող պետություն և որպես ավելի հասուն հասարակություն, հիմարություններ չի անի և հայելային գործողություններով չի արձագանքի ադրբեջանական լրատվամիջոցներում ռուսական քաղաքների անվանափոխությանը։
Զատուլինը նշել է, որ Ստեփանակերտը միշտ էլ եղել է Ստեփանակերտ, և դրա վերանվանումը «Խանքենդի» «պատճառ չէ քննադատելու լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սեփական բարբարոսական գործողությունների մասին։
«Խորհրդային ժամանակներում դա Ստեփանակերտն էր 20-ական, 30-ական, 40-ական, 50-ական, 70-ական թվականներին, մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Դա Ստեփանակերտն էր՝ որպես Ադրբեջանի Հանրապետության, Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս, որի տարածքային ամբողջականությանն այժմ հավակնում է ժամանակակից Ադրբեջանը», - ընդգծել է պատգամավորը։