Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների մասնակցությամբ ռեպորտաժ է պատրաստել, նպատակ ունենալով ստեղծել կեղծ մարդասիրական կերպար

12:47, 05 հունիս 2023
Ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների մասնակցությամբ ռեպորտաժ է պատրաստել, նպատակ ունենալով ստեղծել կեղծ մարդասիրական կերպար

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հրապարակված ռեպորտաժում խոսեցրել են Բաքվում գտնվող հայ ռազմագերիներ Ի․ Ս-ին, Վ․ Ռ-ին, Հ․Ա-ին: Ռեպորտաժում հնչող հարցերից և հայ ռազմագերիների պատասխաններից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմի նպատակը եղել է ցույց տալ իր կեղծ մարդասիրական կերպարը: 
Ռազմագերիներից ոմանք հրաժարվում են խոսել տեսախցիկի առջև, ադրբեջանական կողմը դա ներկայացնում է իբրև «հանդուրժողականության դրսևորում»: 


Նրանց խոսքերը կցկտուր են, նախապես ծրագրված, վստահությամբ խոսում  են միայն ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպման, հարազատների հետ կապի մասին:
«Կարմիր Խաչն ամիսը մեկ գալիս է, նամակներ է բերում, խոսում ենք ընտանիքի հետ, ուտելու, խմելու, հիգիենայի ամեն ինչով ապահովում են: Քույրերս, բարեկամներս, ընկերներս, բոլորը սպասում են»,- ասել է Ի․ Ս-ն:


Ռազմագերի Վ․Ռ․-ին ուղղված հարցը իրենց կարգավիճակի մասին  էր.  «Ձերբակալված ենք»,- ասում է նա, ապա խոսելով այդ պահի մասին ասում է. «․․․ներկա պահին շատ... ամեն ինչ նորմալ է»:


Այն, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ ռազմագերիներից ստանալ իրեն անհրաժեշտ պատասխանը, պարզ է դառնում նաև հայ ռազմագերի Հ․ Ա․-ի, այսպես կոչված, հարցազրույցից: Ադրբեջանցի լրագրողը ադրբեջաներենով հարցնում է, թե արդյո՞ք նա Կապանից է գերեվարվել, Ա․-ն չի սպասում թարգմանությանը և միանգամից պատասխանում է․ «Ոչ»: 


«Ուզում եմ ընտանիքիս փոխանցել, որ մի պայծառ օր արդարությունը վերականգնվելու է»,- ասել է նա:
Նշենք նաև, որ ռեպորտաժը ներկայացնում է համաժամանակյա տեքստային թարգմանություն, որը, մեղմ ասած, հեռու է հայ ռազմագերիների պատասխաններից: