Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Գայանե Հակոբյանի պաշտպաններից Գիորգի Մելիքյանն ասաց, որ իր բազմաթիվ հարցազրույցերում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ում չկա դատավոր որևէ դատավոր, որ իր ասածը չի անի, իսկ մամուլի ասուլիսում ասաց, որ Հայաստանում են փորձում ավարտին հասցնել ադրբեջանական բեկորի կիսատ թողածն իր որդու նկատմամբ։
«Ես այս պահի դրությամբ փորձում եմ հասկանալ, դատարանը կարո՞ղ է պաշտպանության կողմին երաշխավորել, որ Փաշինյանի կողմից որևէ ազդեցություն չկա, և որ նաև մեղադրողի վրա չկա ազդեցություն»,-ասաց պաշտպանը։
Ի պատասխան դատավորն ասաց․ «Ես հիմա որևէ պարտավորվածություն չունեմ որևէ բան ասելու, բայց ես բացառապես իրավական դաշտում եմ գնահատական տալու, ես չեմ ճնշվում որևէ մեկի ասածից»։
Աշոտ Փաշինյանը արձագանքեց, ասելով, թե պաշտպանական կողմը կաշկանդվածության մասին է խոսում, ինչին դատավորն արձագանքեց․ «Ես պատասխանեցի՝ ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում, ես բացառապես իրավական դաշտում եմ գնահատական տալու, էդ ծափահարություններն էլ դադարեցրեք»,-ասաց դատավորը՝ խոսքն ուղղելով դահլիճում նստածներին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ